Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին ընդառաջ

Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին ընդառաջ
16.02.2022 | 11:28

Ինչպես հայտնի է, Ալ․ Մանթաշյանցը հայ արվեստի ու գրականության բազմաթիվ գործիչների մեկենասն ու աջակիցն էր։ Նրանցից մեկը պոլսահայ հրապարակախոս ու խմբագիր Տիգրան Արփիարյանն էր (1854-1914), որի ներքո հրապարակվող հուշագրությունը վերաբերում է 1890 թվականին։



ԿՈՎԿԱՍԵԱՆ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԷՍ

Թիֆլիզից - Բօրժօմ

Յաջորդ օրը ճամբայ ելանք։ Երկաթուղին, 5 ժամուան գնացքէ ետք, կը ժամանէ գեղի կայարան մը, ձորամէջներուն մէջ կորսուած։ Մեր Ա․ կարգի վակոնին մէջ կը գտնուէր պ․ Աղեքսանդր Մանթաշեանց՝ հսկայ հասակով մարդ մը, քիչ խօսուն, գրեթէ գործաւորի հագուստներով, բարեդէմ և անոյշ լեզու, իր ծերունի մօրը հետ։ Բնականաբար խօսակցութիւնը դարձաւ Պօլսոյ վաճառականութեան ու սեղանաւորութեան վրայ։ Իր նաւթային արտադրութեանց ներկայացուցիչն էր Գրիգոր Կիւմիւշկերտան, իր հեռաւոր բարեկամներն էին Աբիկ Ունճեան, Մկրտիչ Էսաեան, Աբրահամ փաշա, Նուրեան էֆէնտի, Մաքսուտ Սիմոն պէյ, Հաճիպիար եղբարք, Կէօչէ-Օղլու Ակոբ էֆէնտի, Ալլահվէրտի Յովհաննէս պէյ։

***

Ինծի պէս համեստ գրող մը և իրեն պէս վիթխարի միլիօնատէր մը՝ բնականաբար չէին կրնար խօսակցութեան առատ նիւթ հայթայթել։ Բայց որովհետև նաւթահորերու Կրեսոսը խանդավառ Մշակական մըն էր՝ հիացող Գրիգոր Արծրունիի տաղանդին և բուռն հետաքրքրուող մը «Մշակի» Պօլսոյ թղթակից Հայկակի (Արփիար Արփիարեան), որ Արծրունիի հետ անդրանիկ կապերը միացուց Կովկասի և Թուրքիոյ հայ մտաւորականութեան միջև և Վասպուրականի սովի ատեն Արծրունի իր «Մշակին» ոգևորուած հրատարակութիւններովը մօտ 100․000 րուպլի հանգանակեց Պօլսոյ ճամբով (Կիւլպէնկեան տան) Վան ղրկելով։ Հետևաբար, այդ հեռաւոր անցեալէն ու այդ թուականի ճոխ, ազգային, գրական, քաղաքական օրաթերթէն տեսակցութեան առատ նիւթ բացուեցաւ։ Երևոյթը չունէր մտածելու թէ պօլսեցի երիտասարդ խմբագիրի մը հետ էր գործը, ամսական 6-7 ոսկի հազիւ շահող։ Իբր հաւասարէ առ հաւասար կը վիճաբանէր հետս և ես, անկեղծապէս կը խոստովանիմ այսօր, որ անկեալ մը եմ նիւթապէս, գրեթէ առանց ամսականի, բնաւ աչք չունէի իր միլիօններուն։

Երբ վար իջանք կառախումբէն, Մանթաշեանց՝ իր քթան մազերով խաթուն մայրիկը թևն առած, կայարանին փոքրիկ սրահը մտաւ, հրաւիրելով պ․ Մութաֆեանը, մայրը, երկու քոյրերը և զիս։ Խոշոր սամավար մը կը վառէր ու թէյին պղպջակները կը ֆշշային։ Երկաթուղիի յոգնութիւններէն ու ցնցումներէն պարտասած, ընկողմանեցանք կակուղ բազմոցներու վրայ՝ ժամերով։ Դուրսը գիւղացիները հետաքրքրութեամբ կը դիտէին Մանթաշէվը, որուն համբաւը լսած էին և որ idole մըն էր իրենց համար։ Պ․ Աղեքսանդր ոտքի ելաւ և կովկասցիի լայն քահքահներ արձակելով՝ ափերով րուբլի սրսկեց հայ ու վրացի մուժիքներուն, որոնք անվերջ «հուրրա»-ներով օդը թնդացուցին։

Թէյ ըմպելու համար երբ կայարան մտանք, կովկասահայ միլիօնատէրը, հայրական բարի ժպիտով մը և ձեռքի ուժեղ սեղմումով մը՝ ափիս մէջ սահեցուց մագաղաթեայ փոքրիկ պահարան մը, առանց բառ մը արտասանելու։

Երկու ժամ վերջ, երբ կառքերով ճամբայ ելանք ու իրիկնամուտին Բօրժօմ հասանք, մեր վիլլաներուն դուռը իսկոյն խուցս առաջնորդուեցայ։ Առաջին գործս եղաւ բնականաբար բանալ մագաղաթեայ բօրթֆօէյլը։

Կը բովանդակէր «հինգ հարիւր րուբլի» եղբօրս՝ Արփիար Արփիարեանին անունին և նոյնքան գումար մը՝ իմ անունիս, համակրական բառեր պարունակող մի քանի տողերով։

Եւ երբ կը մտածեմ այստեղի «հարուստ» կոչուած ազնուաշուքներուն վրայ, որոնք, երբ տարեց ու հիւանդ գրագէտ մը իրենց կը դիմէ սրտաշարժ նամակով մը, առ առաւելն կէս նաբօլէօն կը ղրկեն սպասաւորին հետ․․․ ու զզուա՛նքս կուգայ։

Խաչատուր Դադայան



Դիտվել է՝ 25799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ